Վերջին օրերին սահմանային գծում լարվածությունը հասարակական մտահոգությունների տեղիք է տվել: Մեր զրուցակցից` պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ, հետաքրքրվեցի՝ հանձնաժողովը չպե՞տք է սահմանային գծում տեղի ունեցածը քննարկումների առիթ դարձնի:
-Իրավիճակը քննարկելու, վերլուծելու համար մենք տարբեր աշխատանքային ձևաչափեր ենք ընդունում,- ասաց պարոն Նահապետյանը։- Հանձնաժողովի նիստը միակ տարբերակը չէ, որ կարողանանք այդ հարցի շուրջ պաշտպանության նախարարից և այլ պաշտոնատար անձանցից պարզաբանումներ ստանալ: Իրավիճակն այն աստիճանի մտահոգիչ չէ, որ հանձնաժողովի ձևաչափով հատուկ քննարկման նյութ լինի:
-Վերջին շրջանում սահմանային գծում զոհեր շատ են լինում, դա մտահոգվելու առիթ չէ՞:
-Իհարկե, դրանք մտահոգող են, բայց հանձնաժողովի հատուկ նիստ հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Եթե հետագայում նման անհրաժեշտություն լինի, անպայման քննարկման թեմա կդարձնենք:
-Ինչո՞վ բացատրել Ադրբեջանի սանձարձակ ակտիվացումը, և ի՞նչ դեր է խաղում այստեղ դիվանագիտությունը:
-Բազմաթիվ գործոններ կան, դիվանագիտությունը ևս մեծ դեր է խաղում: Արտաքին քաղաքականության ոլորտում վերջին զարգացումները կարող են Ադրբեջանի կողմից նման սանձարձակ գործողությունների առիթ դառնալ: Նկատի ունեմ Եվրասիական միության անդամակցության մեր քայլերը: Ժամանակ առ ժամանակ տարբեր պաշտոնատար անձանց այցելությունները Հայաստան սահմանային հատվածում հաճախակի են դարձնում ռազմական գործողությունները: Իրավիճակը մեր տարածաշրջանում պարունակում է ռիսկեր, և այդ առումով Հայաստանի զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր: Եթե ռազմական առումով դիտարկենք այդ քայլերը, պիտի նկատել, որ այն, ինչ վերջին օրերին արձանագրվեց, ունենալու է համապատասխան պատասխան: Մենք պետք է մշտապես ցույց տանք մեր ուժը, մարտունակությունը: Անվտանգության թիվ մեկ երաշխիքը սա է: Հակառակորդը պետք է զգա, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են ոչ միայն հակազդելու իրենց գործողություններին, այլև անցնելու հարձակման: Մեր անվտանգության ապահովման համար մենք ունենք բավարար ռեսուրսներ: Չեմ կարծում, որ այսօր մտահոգության լուրջ պատճառ կա: Ցավում եմ, որ միջադեպերի արդյունքում լինում են զոհեր, յուրաքանչյուր զինծառայողի կորուստ շատ թանկ է մեզ համար, բայց քանի դեռ լիակատար խաղաղություն հաստատված չէ, որևէ երաշխիք չկա, որ նման միջադեպեր չեն լինի:
-Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, սա մեր «ռազմական գործընկերոջ» կողմից «դիվանագիտական» հարված չի՞ կարելի որակել:
-Այս հարցը ևս մեզ մտահոգում է, բայց պետք է հասկանալ, որ զենք կարելի է ձեռք բերել տարբեր աղբյուրներից: Ռուսական կողմը դա ներկայացնում է որպես առևտրային գործարք, որի արդյունքում Ադրբեջանը համալրում է իր սպառազինությունը: Սա չի նշանակում, որ մենք չենք համալրում մեր զինամթերքը: Բնական է, այս պահին չեմ կարող հրապարակել, թե մենք վերջին տարիներին որքան ռազմամթերք ենք ձեռք բերել, այդ թվում՝ Ռուսաստանից: Այլ բան է, որ մեզ պետք է մտահոգի տարածաշրջանում սպառազինության մրցավազքը: Քանի դեռ զենք է կուտակվում, դրա կիրառման վտանգը մեծանալու է: Պետք է ամեն ինչ անել այդ մրցավազքը դադարեցնելու համար: Ադրբեջանն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ տարածաշրջանում իսկապես լարվածություն է ստեղծվում` և ռազմատենչ հայտարարություններ, և դիպուկահարներին սահմանից չհեռացնելը, և դիվերսիոն գործողությունները: Միջազգային տարբեր հարթակներում ևս ադրբեջանցի պատվիրակներն անընդհատ նշում են, թե մենք օկուպացրել ենք իրենց տարածքը: Այս առումով տարածաշրջանում դրական միջավայր չի ձևավորվում: Ներկայումս պետք է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը հստակ պատկերացում կազմի և՛ մեր քայլերի, և՛ հակառակորդի ոչ համարժեք գործողությունների մասին:
-Այս օրերին որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, թե առկա է պատերազմի վերսկսման վտանգը: Ըստ Ձեզ, կա՞ նման վտանգ:
-Որպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իմ ունեցած տեղեկությունների շրջանակում կարող եմ ասել, որ այս պահին նման վտանգ չկա: Միաժամանակ չի կարելի բացառել, որ սրընթաց զարգացումներ կարող են լինել: Բոլոր դեպքերում, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղությունը պահպանելու համար: Մենք տարբեր ռազմաքաղաքական կառույցների հետ ենք համագործակցում (ՀԱՊԿ, Հյուսիսատլանտյան դաշինք)՝ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով։ Միջազգային ռազմական համագործակցության առումով խորացնելով մեր հարաբերությունները՝ կարողանալու ենք մեր անվտանգության մակարդակն առավելագույնս բարձրացնել։
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ